Մեր կյանքը կլիներ չոր ու դատարկ, եթե չլիներ այն արժեքային համակարգը, որը մարդուն սովորեցնում է գնահատել ունեցածը, հասնել չունեցածին։
Պահել այն նվերները, որը կյանքը տալիս է մեզ՝ երբեմն երկար ջանքերից հետո, իսկ երբեմն էլ անսպասելի: Այդ արժեքները միասին կազմում են մի ոսկե շղթա, որը պետք է ունենա մեզնից յուրաքանչյուրը: Սակայն, ինչպես կյանքում յուրաքանչյուր կարևոր բան, այնպես էլ այս արժեքային շղթան ոչ բոլորին է հասանելի: Այս շղթայի ամեն մի օղակի արժեքը հասկանալու համար հարկավոր է բավական ժամանակ, քանի որ այս արժեքներից յուրաքանչյուրը ձևավորվում է այնքանով, որքան վարպետությամբ կառուցում և պահպանում է այն կրողը:
Մարդը ապրելով իր նմանների շրջապատում, շփվում է մարդկային տարբեր տեսակների և բնավորությունների հետ և այսպիսով դեռ մանկական տարիքից ձևավորվում են հարաբերություններ, որոնք վերածվում են սիրո, ուղղակի ծանոթության, մտերմության: Երեխան դեռևս հաճախելով մանկապարտեզ իր համար ակամայից առանձնացնում է մարդկանց, ում հետ շփումն իրեն ավելի հաճելի է և նա նրանց հետ էլ սկսում է ավելի մտերմանալ, իսկ մեծանալով և ճանաչելով կյանքն ու նրա օրենքները, նա նրանց համարում է իր ընկերները։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ահա շղթայի կարևոր օղակներից մեկը:
